Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով հերթական դատական նիստը կկայանա փետրվարի 6-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը:

Նա տեղեկացրեց, որ գործով դատավորը փոխվել է, նախորդ նիստն էլ հետաձգվել է, առայժմ հայտնի չէ՝ դատաքննությունը կշարունակվի, թե սկսվելու է 0-ից:

Փաստաբանն ասաց, որ արդեն մեկ տարի է՝ ինչ կալանավորված է Վազգեն Խաչիկյանը, նա չի ընդունում, որ նման յուրացում է կատարել: Ինչ վերաբերվում է Խաչիկյանի նկատմամբ համաներման կիրառմանը, փաստաբանն ասաց, որ նա պետք է վերականգնի պետությանը պատճառված վնասը, հետո քննարկվի համաներման հարցը: Բայց քանի դեռ Վազգեն Խաչիկյանը չի ընդունում  յուրացման հանգամանքը, ապա փոխհատուցման մասին խոսելը վաղ է: Անդրադառնալով վաղաժամկետ ազատ արձակմանը՝ Ժորա Վարոսյանն ասաց, որ այդ խնդրով կարող է դիմել այն անձը, որի նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Մինչեւ գործի քննությունը չավարտվի, դրա մասին խոսելը վաղ է:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո: Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն: