Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել «Էռոս» գիշերային ակումբի մոտից հրազենային վնասվածքով տղամարդու հիվանդանոց տեղափոխման դեպքի մասին: Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից «ձախ ազդրի ներսային-դրսային մակերեսների ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրազենի չկրակված 3 փամփուշտ եւ փամփուշտի 1 գնդակ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 36-ամյա Հարություն Զ.-ին այսօր՝ հունվարի 31-ի գիշերը, Թաիրովի ճանապարհին գտնվող «Էռոս» գիշերային ակումբի մոտից հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

«Մալաթիա» բ/կ-ից մեզ հաջողվել էր պարզել, որ նրա մոտ առկա է ձախ ազդրի միջանցիկ վիրավորում, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հարություն Զ.-ն ի վիճակի չի եղել որեւէ բան պատմելու եւ հայտնելու, թե իր հետ ինչ է եղել: