ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «կրկես» է համարում ԱՄՆ-ի պետքարտուղարի սպասվող բանակցությունները ուկրաինացի ընդդիմադիր Վիտալի Կլիչկոյի եւ երգչուհի Ռուսլանայի հետ՝ նրանց առաջարկելով  հետները տանել նաեւ Վերկա Սերդյուչկային, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերկա Սերդյուչկային էլ է պետք ներգրավել բանակցություններում: Սպիտակ տունը պետք է ականջալուր լինի նրա հեղինակավոր կարծիքին»,-  Twitter-ում գրել է  Ռոգոզինը:

Հայտնի է, որ Մյունխենի անվտանգության հարցերով խորհրդաժողովի ընթացքում Քերրին կհանդիպի ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ:

«Մյունխենում ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրին Ուկրաինայի իրավիճակը կքննարկի բռնցքամարտիկ Կլիչկոյի եւ եւ երգչուհի Ռուսլանայի հետ: Կրկես: Իսկ «նացիկ» Տյագնիբոկին ինչո՞ւ չեն տարել»,- հավելել է Ռոգոզինը:

Նշվում է, որ հունվարի 30-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարն արդեն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչների հետ. Պետքարտուղարի հետ զրուցել են քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության վեց ներկայացուցիչներ: Քերրին զորակցություն է հայտնել Ուկրաինայի եվրաինտեգրման ձգտումներին եւ երկրում ճգնաժամի կարգավորման կոչ արել: