Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին դեռ տասնամյակներ պետք է խոսվի: Այս մասին այսօր` հունվարի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով մեկ տարի առաջ իր դեմ կատարված մահափորձին:

Նա միաժամանակ առաջարկեց ամփոփել եւ առաջ անցնել: Ըստ Հայրիկյանի, իր դեմ երեք մահափորձ էլ եղել է ՀՀՇ-ի ժամանակ, անգամ քրեական գործ է հարուցվել, սակայն ինքը չի բարձրաձայնել: «Իսկ վերջին մահափորձով իմ այն կասկածները, թե պատվերը գալիս է Ռուսաստանից, ըստէության, հաստատվեցին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը ասաց, որ չի կարդացել Վարդան Սեդրակյանի վերջին նամակը, քանի որ նա հրաժարվել է նախաքննության եւ դատաքննության ընթացքում ցուցմունք տալ: «Այս մահափորձը իմ դեմ չէր ուղղված, այլ ուղղված էր բոլորիս դեմ: Հայաստանի քաղաքացիներին պետք էր վախեցնել եւ իրականում հաջողության հասան: Մի բան շատ ակնհայտ է: Այս ամենը նախաձեռնող ուժը շատ ուժեղ էր, զգուշավոր եւ լկտի: Մինչեւ հիմա լսած չեք լինի մի մահափորձի մասին, որ ասեն, թե ինքն է կրակել: Բայց իմ մահափորձից հետո ասացին, թե ես եմ կրակել եւ առաջին նման հայտարարություն անողներից մեկն էլ Բորդյուժան էր»,- ասաց  Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ այս սպանության փորձով փորձ էր արվում արագացնել Հայաստանի ոչնչացումը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am