Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովը, չնայած թուրքամետ լոբբիստական խմբավորումների ուժեղ դիմադրությանը, միաձայն կողմ են քվեարկել ժողովի անդամ Ադրիան Նազարյանի առաջ քաշած օրինագծին՝ Քալիֆորնիա նահանգի կրթական ծրագրում հայոց ցեղասպանության թեման ներառելու վերաբերյալ: Այժմ օրինագիծը կքննարկի նահանգի Սենատը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
«Օրինագծին աջակցում էր Օենսդիր ժողովում իմ գործընկերների մեծամասնությունը: Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները դասավանդողներին հզոր գործիք կտան սովորողների շրջանում թեմայի վերաբերյալ հետաքրքրություն առաջացնելու համար: Եթե մենք ցանկանում ենք ապագայում վերջ տալ ցեղասպանություններին, կարեւոր է ամրացնել անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների դասավանդման մեխանիզմները»,- քվեարկությունից հետո մեկնաբանել է Ադրաին Նազարյանը:
Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Հայոց ցեղասպանության թեման Քալիֆորնիա նահանգում ուսումնական ծրագրի մեջ ներառելու վերաբերյալ օրինագիծը, որն առաջ էր քաշվել նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ադրիան Նազարյանի կողմից, եւս մեկ խոչընդոտ էր հաղթահարել ընդունման ճանապարհին: Օրինագիծը միաձայն ընդունվել էր Հատկացումների հանձնաժողովի կողմից. բոլոր 16 անդամները «կողմ» են քվեարկել: Մինչ այդ այն միաձայն ընդունվել էր նահանգի Օրենսդիր ժողովի կրթության հարցերով կոմիտեի կողմից: Հայոց ցեղասպանությունից բացի օրինագիծը «կոչ է անում ներառել նաեւ փրկվածների, փրկարարների, ականատեսների բանավոր վկայությունները մարդու իրավունքների, Հոլոքոստի եւ ցեղասպանության, այդ թվում նաեւ հայերի, Կամբոջայի, Դարֆուրի, Ռուանդայի ցեղասպանությունների վերաբերյալ առարկայի դասավանդման ընթացքում, եւ չբավարարվել միայն դրանցով»:




























