Չինաստանում բռնկված թռչնագրիպի վարակի պատճառով Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արգելել է որոշ ապրանքների ներկրումը:
Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանում ասվում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի ապրիլի 16-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» N 176-Ա հրամանում կատարել հետեւյալ լրացումը եւ փոփոխությունը.
1) հրամանի 1-ին կետը «կենդանի թռչնի» բառերից հետո լրացնել «(բոլոր տեսակի)» բառերով, իսկ «լրացակերերի» բառից հետո՝ «(բացառությամբ սինթեթիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի),» բառերով. 2) հրամանի 1-ին կետում «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տիբեթի ինքնավար շրջանից» բառերը փոխարինել՝ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից» բառերով:
2. Սույն հրամանի գործողությունները չեն տարածվում մինչեւ 2014 թվականի հունվարի 20-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված վերը նշված ապրանքների վրա: 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:
Նշենք, որ ավելի վաղ արգելվել էր ներկրումը միայն Տիբեթից, իսկ այժմ ամբողջ Չինաստանից:




























