Դպրոցներում եւ մանկարապարտեզներում աշխատողներին ստիպում են կենսաթոշակային ֆոնդ ընտրել: Այս մասին այսօր` հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը:

«Տեղեկություններ ունենք, որ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում ճնշումներ կան դպրոցների եւ մանկապարտեզների աշխատողների վրա: Բացի պետական հաստատություններից` մասնավոր ընկերությունները նույնպես իրենց աշխատողներից գումարներ են պահում»,- ասաց քաղաքագետը:

Պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանն ասաց, որ  իրենք արդեն դիմել են կրթության եւ գիտության աշխատողների արհմիության նախագահին` պարզելու համար, թե որ դպրոցներում են ճնշումներ եղել աշխատողների նկատմամբ. «Նախագահը խնդրեց հստակ նշել, թե որ դպրոցներն են, որպեսզի համապատասխան միջոցառումներ արվեն: Բայց մենք նաեւ դիմում ենք կազմել մեր բոլոր աշխաողների համար, որով իրազեկում ենք Սահմանադրական դատարանի որոշման մասին»:

Անահիտ Ասատրյանի խոսքով` իշխանությունները պետք է ամաչեն այս ճնշումների համար, «Պետական աշխատողներն այնպիսի վախի մթնոլորտում են գտնվում, որ վախենում են աշխատանքը կորցնեն, դրա համար էլ չեն բարձրաձայնում ճնշումների մասին»,- ասաց նա` ընդգծելով, որ միասնական գործելու դեպքում կհաղթեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը մի շարք ընկերություններ, առանց աշխատողների կարծիքը հաշվի առնելու, գանձում են կենսաթոշակային պարտադիր 5% վճարը: «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակից Սարգիս Ալեքսանյանը պատմել էր, որ ընկերությունը 1974-ից հետո ծնված իր աշխատակիցներից, առանց նրանց կարծիքը հարցնելու, գանձել է կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: «Այսօր աշխատավարձերի հաշվարկի օրն էր, տեսանք, որ 5% պահել են: Հաշվապահին հարցրեցինք, ասաց, որ վերեւից են հրամայել»,- ասել էր Սարգիսը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, որոնցից առաջինը վերաբերում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը: