Պետական Եկամուտների կոմիտեն պահանջում է հաշվետվություններում ներկայացնել կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը, սակայն հաշվապահներն էլ լավ գիտեն` ինչպես փաստաթղթերով ցույց տալ այդ գումարը` առանց աշխատողից գանձելու այն: Այս մասին այսօր` հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը:

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո վեճի առարկան տեղափոխվել է գործատու-աշխատող, հաշվապահ-գործընկեր հարթություն, երբ հաշվապահին ստիպում են գումարը փոխանցել, բայց ցանկացած հաշվապահ շատ լավ գիտի բոլոր ձեւերը, թե ոնց ուղղակի ցույց տալ թղթերի մեջ, բայց չփոխանցել»,- ասաց քաղաքագետը:

Նախաձեռնության անդամ, իրավաբան Գեւորգ Հայրապետյանն էլ նշեց, որ շատ աշխատողներ գրավոր դիմել են իրենց գործատուներին, որպեսզի գումարը չպահվի. «Նրանք տեղեկացրել են գործատուին, որ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` իրենք կարող են ֆոնդ չընտրել` այս կերպ նվազեցնելով հնարավորությունը, որ գործատուն մեկ էլ տեսար չգիտեր որոշման մասին»:

 Պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, անդրադառնալով այն փաստին, որ Պետական եկամուտների կոմիտեն է ստիպում ներկայացնել այդ հաշվետվությունը, ասաց. «Այսօր առավոտյան մտել եմ իրենց կայք, այնտեղ այդ հաշվետվությունը չկա: Դա նշանակում է, որ գործատուն չի կարող ասել, որ իրեն ստիպել են նման հաշվետվություն ներկայացնել»:

«Դեմ եմ» շարժման մասնակիցները պատրաստվում են օգնել այն բոլոր աշխատողներին, ում ստիպել են ֆոնդ ընտրել:

«Աշխատողները պետք է դիմեն դատարաններ, պաշտպանեն իրենց իրավունքները, իսկ մենք նրանց կողքին կանգնած ենք: Իսկ ՊԵԿ-ի մասին կասեմ` ոնց որ ուշադրություն չի դարձնում Սահմանադրական դատարանի որոշմանը»,- ասաց Գեւորգ Հայրապետյանը:

Առաջիկայում նախաձեռնության անդամները պատրաստվում են ակցիաներ անել մարզերում: Փետրվարի 8-ին խումբը կլինի Վանաձորում, իսկ մինչեւ այդ նախատեսում են ավտոիրազեկման երթ Երեւանում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: