Իշխանի արդյունաբերական աճեցումը չի աղտոտի Սեւանա լիճը: Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ի պատասխան այն դիտարկմանը, թե արհեստական կերերը կարող են աղտոտել լիճը ազոտով եւ ֆոսֆորով, նախարարը վստահեցրել է, որ ձկնաբուծության համար օգտագործվելու են միայն բնապահպանական ստուգում անցած կերեր:
«Ես բազմիցս կրկնել եմ, որ արդյունաբերական ձկնաբուծությունը կզբաղեցնի լճի մակերեսի ընդամենը մեկ տոկոսից էլ պակաս տարածք: Այժմ լճի հայելային մակերեւույթի մակերեսը կազմում է 147 հազար հա: Ձկնաբուծությունը կատարվելու է այդ տարածքի 0,07%-ում: Իսկ ափամերձ գոտում ստեղծվելու են ձկնաբուծության բնապահպանական վերահսկողության եւ կազմակերպման լուրջ ենթակառույցներ: Իսկ դա զգալի թվով աշխատատեղեր կստեղծի», - ասել է նախարարը:
Նա հավելել է, որ լճի հյուսիսային հատվածում՝ Շորժայում, հանրապետության գիտնականներն արդեն մի քանի տարի է նախագծի բնապահպանական հնարավոր ազդեցության վերաբերյալ ծրագիր են իրականացնում: «Իրականացվել են ջրի որակի եւ թափանցիկության ուսումնասիրություններ, 4-5 հազար չափումներ՝ տվյալներ ստանալու համար: Ըստ մեր գնահատականների՝ նախագծի ազդեցությունը լինելու է թույլատրելիի սահմաններում», - նշել է նախարարը:
Սեւանում իշխանի ձկնաբուծության ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետական-մասնավոր գործընկերության ձեւաչափում: Մինչեւ 2023թ. նախագծում անհրաժեշտ ներդրումները գնահատվում են 66 միլիարդ դրամ (162 միլիոն դոլար): Արտադրանքի 75%-ը նախատեսվում է արտահանել: Մինչեւ 2023թ. նախատեսվում է ձկնարտադրության ծավալը հասցնել տարեկան մինչեւ 50 հազար տոննա:




























