2009թ-ի փետրվարի 3-ին սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը ոստիկանությանը նոր անուններ է փոխանցել, որոնք կարող էին որդու սպանության հետ առնչություն ունենալ եւ սպասում է, որ նրանք հարցաքննության հրավիրվեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը։ «Հիմա ոստիկանությունն ասում է, որ աշխատում է ձեռքի տակ եղած փաստերի վրա։ Գործ է արվում։ Ես դեռ սպասում եմ»,- ասաց Պետրոս Մհերյանը՝ հավելելով, որ անգամ որդու մահվան օրը ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի հիշում։
«Մենք ընտանիքով են գնում գերեզմաններ։ Մեզ են միանում նաեւ Գեւորգի ընկերները, որոնց հետ ժամանակին աշխատել է»,- ավելացրեց Պետրոս Մհերյանը։ Ավելի վաղ Պետրոս Մհերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իր համար պարզել է արդեն թե որդու սպանությունը կատարողին, թե պատվիրատուին եւ ավելացրել, որ դրանք խոսուն փաստեր են եւ ոչ-ոք հակառակը չի կարող ապացուցել:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009թ-ի փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր ութ կրակոց, որոնցից հինգն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել էին տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել էր հանցագործության վայրից աննկատ հեռանալ:




























