Քալիֆորնիական Գլենդել քաղաքի Կրթական հիմնադրամի միջոցառման ժամանակ հարգանքի տուրք կմատուցեն Գլենդելի բնակիչ, ռազմածովային ուժերի նախկին նախարար Փոլ Իգնաթիուսին՝ որպես  Հուվերի դպրոցի ականավոր շրջանավարտ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Իգնաթիուսը ծնվել է 1920թ.-ին ու մեծացել Քոլամբուս-ավենյուում: 2000թ.-ին լույս տեսած նրա հուշագրություններում  գրում էր, որ իսպանական ոճով իրենց տունը հիշեցնում էր ժամանակների մասին, երբ ողջ տարածքը ծածկված էր մրգատու այգիներով:

Մեծանալով քիչ էր մտածում հայակական ծագման մասին: «Մեր դպրոցում մեզանից բացի ուրիշ հայ երեխաներ չկային»,- պատմում է նա իր մասին, իր եղբայրների ու քույրերի մասին: Նա չէր խոսում նաեւ մայրենի լեզվով: Ավելի ուշ կենտրոնացել է իր ընտանիքի պատմության վրա ու իմացել, որ ծնողները(Էլիզա Ժամկոչյան ու հովսեփ Իգնաթիուս) ծնվել են Հայաստանում:

Մորական պապը՝ Ավետիս Ժամկոչյանը, ընտանիքի հետ տեղափոխվել էր Անգլիա 1893թ.-ին, որտեղից առողջական խնդիրների պատճառով ստիպված էին մեկնել: 1911թ.-ին եկել են Քալիֆորնիա: Ժամկոչյանը Տրոպիկոյում մեծ տուն է կառուցում, հետո ներդրումներ կատարում օճառի գործարանում:

Իգնաթիուսի հայրը 19 տարեկան էր, երբ ԱՄՆ էր եկել 1904թ.-ի երեք եղբայրների հետ միասին: Նրանք հաստատվել են Փիթսբուրգում: 1912թ.-ին Հովսեփ Իգնաթիուսը Լոս-Անջելեսում հանդիպում է Ժամկոչյանին, հետո ներկայացվում է վերջինիս դուստր Էլիզեին, ինչից հետո որոշում է տեղափոխվել Գլենդել, որտեղ էլ մի քանի տարի անց ամուսնանում են:

1915թ.-ին Հովսեփ Իգնաթիուսին առաջարկում են միանալ Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեին. նա դառնում է այս կազմակերպության միակ հայ անդամը, ինչպես գրում էր նրա որդին: «Միջոցներ հավաքելու նրա բազմաթիվ միջոցառումները նրան մեծ բավականություն էին պատճառում»,- ասում է նա:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերը հայտարարել են այն մասին, որ ապագա հրթիռակիրը կրելու  է Փոլ Իգնաթիուսի (Իգնաթոսյան) անունը՝ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունում  բարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա: Իգնաթիուսն ութ տարի շարունակ ծառայում էր Ջոն Քենեդիի եւ Լինդոն Ջոնսոնի նախագահական վարչակազմերում որպես ցամաքային զորքերի նախարարի օգնական, ցամաքային զորքերի փոխնախարար, պաշտպանության նախարարի օգնական, ու վերջապես, 1967թ.-ին ռազմածովային ուժերի նախարար: