Կանադայի Մոնրեալ քաղաքի մետրոյում 46-ամյա ուղեւորուհին մահացել է այն բանից հետո, երբ նրա շարֆի ծայրը հայտնվել է շարժասանդուղքի աստիճանների ատամների արանքում:

Քննության տվյալներով՝ երբ ուղեւորուհին փորձել է դուրս քաշել կտորը, նրա մազերը եւս հայտնվել են աստիճանների ատամների արանքում, որի հետեւանքով նա խեղդվել է սեփական շարֆով:

Մետրոյի մյուս ուղեւորները փորձել են օգնել նրան եւ փրկարար ծառայություն են կանչել, սակայն երբ դեպքի վայր են ժամանել մեխանիկներն ու բժիշկները, կինն արդեն մահացած է եղել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CBC News-ը:

Ինչպես նշում է The Montreal Gazette-ը, անհայտ է, թե արդյոք ուղեւորներից որեւէ մեկը փորձե՞լ է սեղմել շարժասանդուղքի արտակարգ կանգնեցման կոճակը, ինչը, գուցե փրկեր կնոջ կյանքը:

Մոնրեալի տրանսպորտային ընկերակցությունում ենթադրել են, որ սա առաջին դեպքն է, որ մետրոյի շարժասանդուղքի աշխատանքի հետեւանքով մարդ է մահանում: Մինչ այդ ամենալուրջը համարվում էր միջադեպը, որի հետեւանքով ուղեւորուհին կորցրել էր ձեռքի 4 մատները: Դա տեղի էր ունեցել 1989 թվականին: