Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին` Ավետիս Ավետիսյանը, ծառայելու է Վանաձոր քաղաքի զորամասերից մեկում: Այս մասին այսօր` հունվարի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը` տիկին Մարգոն, որը հուզված էր և չցանկացավ որևէ այլ հարցի պատասխանել:
Ավետիսի եղբայրը՝ Արթուրը, պատմեց, որ եղբայրը մինչև բանակ զորակոչվելը մոտ երկու շաբաթ բուժզննում է անցել տարբեր հիվանդանոցներում և ստացել եզրակացություն, որ անհրաժեշտ է ևս մեկ տարով հետաձգել նրա զորակոչը։ Չնայած դրան՝ նրան այսօր՝ ձմեռային զորակոչի վերջին օրը նրան զորակոչել են բանակ:
Հիշեցնենք, որ 20-ամյա Ավետիս Ավետիսյանին զորակոչը 2 տարի առաջ հետաձգել են սրտի աշխատանքի և վահանաձև գեղձի (թունավոր զոբ) հետ կապված առողջական խնդիրների պատճառով: Վոլոդյա Ավետիսյանին աջակցող ազատամարտիկները կարծում են, որ Ավետիսի բանակ զորակոչելը հաշվեհարդար է նրա ընտանիքի հանդեպ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ իր պաշտպանյալի կալանքը երկու ամսով երկարացնելու հունվարի 13-ի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:




























