30-ամյա Ռաֆիկ Ռ.-ն հաղորդում է տվել, թե երեք տղամարդ իրեն առեւանգել են, սակայն քրեական գործը հարուցվել է հենց նրա դեմ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Ռաֆիկ Ռ.-ն, գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկությունը կեղծ է, 2013թ․ մայիսի 24-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Երեւանի Շահամիրյանների փողոցից երեք անհայտ անձինք առեւանգել են իրեն եւ տեղափոխել ՀՀ Գեղարքունիքի մարզ։ Այդպիսով կատարել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն։
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում գործը վարույթ է ընդունվել հունվարի 30-ին։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։




























