Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի համալսարանների ու քոլեջների ուսանողները միաժամանակյա ցույցեր են անցկացրել ընդդեմ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման: Այս մասին գրում է «Neon Tommy» ուսանողական տեղեկատվական կայքը:

Լուռ բողոքի ակցիաները, որոնք համակարգել է համահայկական ուսանողական ասոցիացիաների համադաշնությունը, նպատակ են ունեցել ցուցադրել ցեղասպանության զոհերի ու նրանց սերունդների նկատմամբ անարդարության հետեւանքները:

Փակելով բերանները կարմիր ժապավեններով, ուսանողները ցույց են տվել ԱՄՆ կառավարության լռությունը անարդարացի ժխտման նկատմամբ: Ուսանողները ունեցել են պաստառներ հետեւյալ գրություններով. «Կանգնեցրեք ցեղասպանության անիվը», «Վաղվա մտավորականներն ընդդեմ ցեղասպանության»:

«Ժխտման բիծ» շարժմանը միացել են Հարավային Քալիֆորնիայի համալսարանը, Քալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանը, Քալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանը, Քալիֆորնիայի Իրվայնի համալսարանը, Քալիֆորնիայի Սանտա Բարբարայի համալսարանը, Քալիֆորնիայի Ռիվերսայդի համալսարանը եւ այլն: