ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, հունվարի 31-ին, տեղի է ունեցել Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին թողարկման տեղաբաշխումը:
Ընկերության 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով լողացող արժեկտրոնով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող 6 ամսյա պարտատոմսերի եկամտաբերության կորի արժեքին, որին գումարվում է 0.3% մարժա հետագա արժեկտրոնային վճարման համար: Աճուրդի ընթացքում ձեւավորված` արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը կազմել է 8.555%:
Նշանակալի է, որ սա միջազգային ֆինանսական կազմակերպության կողմից թողարկված պարտատոմսերի առաջին բորսայական հրապարակային տեղաբաշխումն է Հայաստանում, որը ընդլայնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման տեխնոլոգիաներն օգտագործող հաճախորդների ցանկը եւ Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հիմք է ստեղծում:
Այս տեղաբաշխմանը աջակցել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն:
Նշենք, որ ՎԶԵԲ-ը միջազգային կազմակերպություն է, որը Եվրոպական Տնտեսական Համայնքի եւ Եվրոպական Ներդրումային Բանկի հետ միասին հիմնադրվել է 1990թ.-ի մայիսի 29-ին 40 երկրների կողմից կնքված Համաձայնագրով: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1991թ. մարտի 28-ին, ՎԶԵԲ-ը սկսել է իր գործունեությունը 1991թ. ապրիլի 15-ին: ՎԶԵԲ-ին ներկայումս անդամակցում են 66 երկիր՝ ներառյալ Հայաստանը, ընկերության գլխամասը գտնվում է Լոնդոնում:




























