Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված նախաձեռնությունը ձախողվելու է, քանի որ մեծ հակազդեցություն գոյություն ունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանում ուղեվարձի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովը հուլիսի երկրորդ կեսից մինչ օրս միայն երեք նիստ է հրավիրել: «Ինձ չի բավարարում այդ աստիճանի հետաքրքրվածությունը: Հանձնաժողովի առաջին նիստում քննարկվել են չափանիշները, երկրորդում՝ շահագործման ծախսերը, որից ձեւավորվում է ուղեվարձը, սակայն այդ հարցերը չեն լուծվում քվեարկությամբ: Նման հարցերը պարզելու համար պետք է բացել եւ նայել տեղեկատուն»,-ասել է Արմեն Պողոսյանը՝ Հանձնաժողովի աշխատանքը համարելով քիչ արդյունավետ:

Նրա համոզմամբ՝ ամենակարեւոր հարցը ուղեւորփոխադրումների ծավալն է, սակայն այդ հարցի քննարկմանը հանձնաժողովը դեռ չի հասել: «Դա տրանսպորտի ուղեւարձի ձեւավորման ամենակարեւոր ցուցանիշն է»,-ասել է ՀԿ ղեկավարը: