NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հունվարի 21-ին Արմավիր քաղաքի երկաթգծի տարածքում ինքնասպանության փորձ կատարած տղամարդը: Նա այդ օրը փորձել էր ինքնասպանություն գործել` նետվելով ընթացող գնացքի անիվների տակ, սակայն գլուխը կպել էր գնացքի առաջնային մասում մի դետալի եւ վնասվածքներ ստացել:

Նա Արմավիրի բնակիչ Զ. Գեւորգյանն էր, ում այդ օրը պոլիտրավմա ագոնալ, շոկային վիճակ ախտորոշմամբ տեղափոխել էին հիվանդանոց: Թե ինչն էր ստիպել տղամարդուն նման քայլի դիմել, չի նշվում:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Արմավիր քաղաքի երկաթգծի տարածքում, հունվարի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, նույն քաղաքի 59-ամյա բնակիչն այստեղ ինքնասպանության փորձ է կատարել: Տղամարդը վազելով դեպքի գնացքը՝ փորձել է գլուխը դնել գնացքի անիվների տակ, սակայն գլուխը կպել է գնացքի դիմային մասում մի դետալի եւ միայն վնասվել: Նրան տեղափոխել են Արմավիրի հիվանդանոց: Այս միջադեպի մասին տեղյակ են նաեւ իրավապահները, որոնք NEWS.am-ի հետ զրույցում ասել են, որ նշված դեպքով քննություն է կատարվում: