Երեւանում ոչնչացվում են տրանսպորտի այն տեսակները, որոնք կարող են շահութաբեր լինել: Այդ մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստանի սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը՝ ընդգծելով, որ տրոլեյբուսներն ու Երեւանի մետրոպոլիտենը սարսափելի իրավիճակում են:

Նրա խոսքով՝ Հայաստանի սպառողների միության նախաձեռնությամբ կառավարությունը 2011թ.-ի մարտի 29-ին որոշում ընդունեց, որպեսզի Երեւանում չավելանա միկրոավտոբուսների թիվը, սակայն որոշումը խախտվեց, իսկ նոր միկրոավտոբուսները շարունակում են շահագործվել: Նա նշել է, որ դրան ոլորտի եկամուտները թաքցնելու լավագույն միջոցն են:

«Մենք առաջարկում ենք եւս մեկ անգամ փոփոխության ենթարկել Երեւանի տրանսպորտի կառավարման իրավա-կազմակերպչական տեսակը, որպեսզի գոյություն ունենա ոլորտի համար պատասխանատու մեկ ԲԲԸ, եւ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա բաժնետոմս ձեռք բերել»,- ասել է Արմեն Պողոսյանը: Նա պարզաբանել է, որ որ սկզբունքը հետեւյալն է. կիսով չափ սեփականատեր է քաղաքապետարանը, իսկ մյուս կողմից կլինի այն մարդիկ, ովքեր այսօր շահագործում են տրանսպորտային միավորները: «Նրանք շահագրգռված կլինեն տրանսպորտային ծառայության արդյունավետության մեջ: Այս մեխանիզմը կիրառվում է Եվրոպական շատ երկրներում, կնպաստի խնդրի դրական լուծմանը: Եթե տվյալ ոլորտը կենտրոնանա մեկ կազմակերպության շրջանակներում, այն վերահսկելի կդառնա, եւ կքննարկենք ոչ թե ուղեվարձի թանկացումը, այլ հակառակը»,- կարծում է Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի հուլիսի 26-ից Երեւանի քաղաքապետ Տարոն մարգարյանը դադարեցրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումը: Դրան նախորդեցին ուղեվարձի կտրուկ բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիաները: