Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը դուր չի գալիս նրանց, ովքեր ընտրություններին իրենց ձայնը վաճառում են 5000 դրամով: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Լրագրողների խնդրանքով նա պատասխանել է ներքաղաքական մի շարք հարցերի՝ որպես «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար:
Ըստ նրա՝ կենսաթոշակային բարեփոխումը Հայաստանի համար քաղաքական անհրաժեշտություն է, եւ «ամբողջ աշխարհն այդ ճանապարհով է գնում»: Բայց բարեփոխման իրավական մեխանիզմները լուրջ ճշգրտման կարիք ունեն, ասել է Արթուր Բաղդասարյանը:
«Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր սեփականությունը տնօրինելու իրավունք: Այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով կամ հստակ իրավական մեխանիզմներով: Այնպես որ, մենք պետք է հարգենք մեր Սահմանադրական դատարանի որոշումը, որը մինչեւ մարտի 28-ը պետք է խնդրի լուծում գտնի», –հայտարարել է Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ «Օրինաց երկիրը» մոտ ապագայում կենսաթոշակային բարեփոխման հետ կապված օրինագիծ կպատրաստի, այդ նպատակով կուսակցության մասնագետները ուսումնասիրում են միջազգային փորձը:
«Եթե օրինագծին նայենք հանրության տեսանկյունից, ապա չի կարելի չնկատել վստահության պակասը, քանի որ շատերը հիշում են խորհրդային ավանդների ճակատագիրը: Պետության հավելյալ երաշխիքներ են պահանջվում», - հայտարարել է Բաղդասարյանը:
Նա առաջարկել է իրավիճակը հստակեցնել հետեւյալ օրինակով. «Ցանկանում եմ լրագրողներին հարցնել. Կան մարդիկ, որոնք 5 տարին մեկ իրենց ձայնը վաճառում են 5 հազար դրամով»: Ի պատասխան միանշանակ համաձայնվելուն՝ Բաղդասարյանը շարունակել է. «Ահա, մարդը 5 տարին մեկ այդ քայլին է դիմում՝ այդ 5 հազար դրամը ստանալու համար, իսկ այժմ նրան ասում են. մեզ ամեն ամիս տուր այդ հինգ հազարը: Իհարկե, նա դեմ կլինի: Ընդհանրապես բարեփոխումները, նույնիսկ՝ ամենալավերը, պետք է յոթ անգամ չափել՝ կտրելուց առաջ», - հայտարարել է Բաղդասարյանը:
Ըստ Բաղդասարյանի՝ ստացվում է, որ կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները «կաշառք վերցնողների» շարքերից են: Հիշեցնենք, որ ԱԺ-ի մի շարք պատգամավորներ դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























