Կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանը համագործակցության պատմություն ունեցել է և ունի: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում երկրորդ նախագահի` մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին:

Լրագրողների խնդրանքով նա  պատասխանել է ներքաղաքական մի շարք հարցերի:

Ըստ նրա՝ Քոչարյանի վերադարձը միանշանակ բացառելն անհեռատեսություն է՝ հաշվի առնելով այն, որ ներկայումս ակտիվ քաղաքական ուժերի հետ նախկին նախագահը հաջողությամբ համագործակցում էր:

Մեկնաբանելով Քոչարյանի կողմից Հայաստանի տնտեսական վիճակի խիստ քննադատությունը ՝ Բաղդասարյանը նշել է, որ պետության ցանկացած նախկին ղեկավար իրավունք ունի գնահատել երկրի ներկայիս իրավիճակը՝ լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե տարիներ անց՝ Սերժ Սարգսյանը:

«Հայտարարությունները կարելի է բաժանել բովանդակայինի եւ քաղաքականի: Բովանդակայինին պետք է պատասխանի կառավարությունը: Եվ այդ պատասխանը, կարծեմ, տրվել է», - հայտարարել է Բաղդասարյանը՝ նկատի ունենալով վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունը:  

«Եթե նման պատասխանը բավարար չէ, կառավարությունը պետք է շարունակի: Նույնը վերաբերում է նաեւ այլ մրցակիցներին: Նույն Հրանտ Բագրատյանն այժմ հանդես է գալիս տնտեսության սուր քննադատությամբ: Մենք պետք է հստակ պատասխաններ տանք: Իսկ հասարակությունը պետք է եզրակացություններ անի», – հայտարարել է Բաղդասարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am