Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի հրապարակած ցուցանիշները:
Այսպես,Հայաստանում 2013թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 41 770 երեխա, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1.7%-ով: Նրա խոսքով՝ ծնված երեխաներից 22 200-ը տղաներ են, իսկ 19 570-ը՝ աղջիկներ: Մահացության ցուցանիշը 24 հազար 165 է եղել, որը 1, 6 տոկոսով նվազել է 2012 թվականի համեմատ: Կարինե Կոյումջյանի խոսքով՝ կան մի շարք մարզեր, որտեղ ծնելիության թվերը միջինից բարձր են, եւ կան մարզեր, որտեղ միջինից ցածր են: Օրինակ՝ Երեւանում, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում ծնելիության ընդհանուր գործակիցները միջինից բարձր են եղել, իսկ ծնված երեխաների թվաքանակը ամենաքիչը գրանցվել է Վայոց Ձորում:
Ինչ վերաբերում է ամուսնություններին ու ամուսնալուծություններին, ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ արձանագրված ամուսնությունները կազմել են 18 հազար 363՝ 2012 թվականի 19 հազար 63-ի համեմատ: Փոխարենը 15,6 տոկոսով աճել են ամուսնալուծությունների դեպքերը, 2013 թվականին դրանք 3756 էին, իսկ 2012թ-ին՝ 3250:



























