Երեւան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը, որն անցնում է Ողջաբերդ համայնքի մոտակայքով, գտնվում է սողանքային գոտում, ինչի հետեւանքով ճանապարհի գրունտային շերտում ճաքեր ու տեղաշարժեր հաճախակի են լինում։
Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով ճանապարհահատվածի յուրահատկությունը՝ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N1575-Ն «Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումների մասին» որոշման համաձայն՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարվա մինչեւ մայիսի 30-ը, երբ թույլ են տալիս եղանակային պայմանները,կատարել է Երեւան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների ամենամյա վերանորոգումը։
Վերջին օրերի առատ ձնհալի հետեւանքով ակտիվացել են սողանքային երեւույթները, որոնց պատճառով ճանապարհահատվածում նստվածքն առավել խորացել էր. առաջացել էին փոսեր՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։
Որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ, ճանապարհը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից նշված ճանապարհահատվածում իրականացվել են վերանորոգման, մասնավորապես, լցվել է ավազակոպճային խառնուրդ եւ կատարվել հարթեցման աշխատանքներ:
Ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն գարնանը, երբ թույլ կտան եղանակային պայմանները:
Երեւան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ըստ անհրաժեշտության:




























