ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն լոյալ են իշխանություններին: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է ՕԵԿ  առաջնորդ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Լրագրողների խնդրանքով նա  պատասխանել է ներքաղաքական մի շարք հարցերի:

Ըստ նրա՝ Հայաստանի ներքաղաքական դաշտը կարելի է երեք մասի բաժանել: Առաջինն իրենց այլընտրանքային հռչակած ուժերն են եւ/կամ իշխանությանը հավատարիմները:  «Այստեղ կարելի է դասել ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին: Նրանք հավատարիմ են ղեկավարությանը, կառավարությունում ունեն միջին օղակի կադրեր, թեեւ նախարարներ չունեն: Իրենց շուրջ նրանք համախմբում են նաեւ ընդդիմադիր քաղաքական մի շարք հոսանքներ» – նշել է Բաղդասարյանը:

Երկրորդ հատվածն ընդդիմությունն է, որն այժմ Հայաստանում վերաձեւափոխվում է եւ ճշտում իր մոտեցումները, հավելել է Բաղդասարյանը: «Դա կարեւոր գործընթաց է, քանի որ ցանկացած իշխանություն առողջ ընդդիմության կարիք ունի», – նկատել է Բաղդասարյանը: Եվ երրորդը իշխող կոալիցիայի ուժերն են, այդ թվում՝  «Օրինաց երկիրը»:

Հայաստանում քաղաքական կյանքը թեժանում է, հավելել է Բաղդասարյանը, սակայն չպետք է գուշակություններ անել, թե արդյոք ինքն առաջադրվելու է 2018թ. նախագահական ընտրություններին: