Պետք է փորձել Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ-ում գտնվելու արտոնյալ ռեժիմ ապահովել: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՌԴ մուտքի եւ ելքի մասին օրենքում վերջերս տեղ գտած փոփոխությունները: Ըստ փոփոխությունների` օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ի տարածքում առանց գրանցման կամ աշխատանքային պայմանագրի կարող են գտնվել 90 օրվանից ոչ ավելի: Դրանից հետո Ռուսաստան կարող են մեկնել 90 օր անց միայն:

Որպես Մաքսային միության Ռուսաստանի ապագա գործընկեր՝ Հայաստանի համար բացառություն չի արվել, եւ  պետք է աշխատել այդ ուղղությամբ, կարծում է Բաղդասարյանը:

«Մյուս շաբաթ ես նամակ եմ ուղարկելու ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ սպասելով տվյալ հարցի վերաբերյալ նրա դիրքորոշմանը: Մենք պետք է փորձենք ապահովել մեր քաղաքացիների համար ավելի արտոնյալ ռեժիմ՝ հաշվի առնելով  մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը եւ 2015թ. հունվարից Եվրասիական միությանն անդամակցելը: Պետք է անենք մեզանից կախված ամեն ինչ, քանի որ արտաքսումների թիվն իսկապես կարող է աճել», – հայտարարել է Բաղդասարյանը:

Նա նշել է, որ առանց պայմանագրերի  աշխատանքային միգրանտների համար շատ դժվար կլինի Ռուսաստանում մնալ 90 օր, իսկ հետո նույնքան անգործ մնալ:

Նշենք, որ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ 2012թ. Ռուսաստանից դրամական փոխանցումների հոսքը եղել է  1 միլիարդ  394 միլիոն դրամ: Մյուս երկրներից Հայաստանն ավելի քիչ է ստանում, քան ուղարկում է: