«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն ավելի վաղ հրապարակված կոչի հիման վրա՝ անհատական փոստային նամակներ է ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրեններին: Այս մասին ասվում է նախաձեռնության կայքում:

Նպատակն է հորդորել եւ պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: «Փոխարենը, հետեւեք հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեք աշխատակիցներին, մինչեւ ՍԴ-ի վերջնական որոշումը: Հիշեցնում ենք, որ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահնմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը»,- ասվում է հայտարարությունում:

Նամակների ուղարկումը շարունակական է լինելու: Առաջիկայում եւս եւս 100 գործատուի անհատական նամակներ կուղարկվեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «ԴԵՄ եմ» նախաձեռնությունը ցուցակագրում է այն ընկերությունները, որոնք չեն գանձել կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Բացի դրանից՝ նախաձեռնությունը հայտարարել է այն կազմակերպությունների անունները, որոնք պահում են կենսաթոշակային 5% վճարը: Դրանց թվում են պետական հիմնարկներ, բանկեր, ապահովագրական ընկերություններ:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: