Երեւանի դպրոցներում աշխատող 1974թ. հետո ծնված ուսուցիչներից գանձել են կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Չիբուխչյանը, որի կինն ուսուցչուհի է:

«Տնօրենն ասել է՝ կամ պետք է աշխատավարձը չտանք, կամ 5%-ը պահենք»,- ասաց Արտուշը:

Արտուշի խոսքով՝ մի քանի օր աշխատավարձը չեն տվել, բայց հետո տվել են արդեն պահումով. «5%-ը պահած են տվել. ասել են, որ ուրիշ ձեւ չի կարող լինել, անխուսափելի է: Իրենց ասելով՝ այդ գումարները սառեցվել են, եւ օրենքը կասեցվելու դեպքում գումարները հետ կվերադարձնեն»:

Նա նշեց նաեւ, որ ուսուցիչները չեն բարձրաձայնում՝ վախենալով կորցնել աշխատանքը. «Կոնկրետ կնոջս դեպքում ասել են, որ հանկարծ իրենց դպրոցի անունը ոչ մի տեղ չերեւա: Նույնիսկ ցանկացել են լրագրող կանչել, տնօրենը թույլ չի տվել»:

Նշենք, որ մի քանի օր առաջ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարել էր, որ բոլոր ուսուցիչներից եւ դաստիարակներից գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս կապակցությամբ նախաձեռնությունը փետրվարի 6-ին կազմակերպում է հավաք-երթ Կրթության եւ գիտության նախարարության մոտ:

«Երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները եւ չստեղծել խառնաշփոթ, խոսքը հատկապես ԿԳՆ-ին է վերաբերվում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ»-ի անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

Ակցիայի մասնակիցները նաեւ գնալու են քաղաքապետարան եւ Կենտրոնական բանկ:

 «Տեղեկություններ ունենք, որ թաղապետարանների եւ բանկերի աշխատողներից էլ են գանձել 5%-ը»,- ասաց Տիգրանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: