Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ Վարդան Պետրոսյանի փաստաբանն այսօր՝ փետրվարի 3-ին դիմելու է Վերաքննիչ դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ բողոքարկելու են Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը, քանի որ վստահ են, որ դա ապօրինի է եղել:

«Գործի նյութերից երեւում է, որ դեռեւս հոկտեմբերի 24-ին Նաիրիի քննչականի պետը դիմել է ոստիկանապետին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու դերասանի հանրապետությունից դուրս գալը: Դրանից հետո նոյեմբերի 4-ին ոստիկանապետը դիմել է համապատասխան մարմիններին եւ գրություն կա, որ միջոցներ են ձեռնարկել: Իսկ նոյեմբերի 5-ին գրություն են գրել, որ ծրագրում իր տվյալները փակված են, այսինքն՝ Վարդան Պետրոսյանը հնարավոր չէ, որ հատի Հայաստանի սահմանը: Դրանից հետո առանց ինձ Վարդան Պետրոսյանը ցուցմունք էր տվել եւ հայտնել էր, որ ապրում է քրոջ բնակարանում, այսինքն՝ դերասանի գտնվելու վայրը հայտնի է եղել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա վստահ է, որ ձերբակալման որոշումը ապօրինի է, եւ եթե հայաստանյան դատական ատյաններում հաջողության չհասնի, անպայման դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ այժմ ծանոթանում են գործի նյութերին, դրանք դեռ դատախազին չեն ուղարկվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է: