Թուրքական ամենաշատ վաճառվող պարբերականը՝ Zaman-ը (մոտ 1 մլն-խմբ), հրապարակել է «Ջիհան» տվյալների հավաքման եւ ուսումնասիրման ծառայության վերջին սոցհարցման տվյալները մոտեցող ընտրությունների եւ քաղաքական իրավիճակի հետ կապված, ըստ որի Էրդողանի վարկանիշն իջել է 2002 թվականի մակարդակին։

«Ջիհան» տվյալների հավաքման եւ ուսումնասիրման ծառայության կողմից իրականացված հարցումների համաձայն, առաջիկա ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ընտրողների 36,4 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը՝ 28,8 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությանը՝ 20,5 տոկոսը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ 7,4 տոկոսը։

«Ո՞ւմ ցանկանում տեսնել հաջորդ նախագահ» հարցին, հարցվածների 47 տոկոսը պատասխանել են՝ Աբդուլլահ Գյուլ, 17,5 տոկոսը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան։

Հարցվածների 60 տոկոսը համոզված է եղել, որ «Մեծ կաշառք» գործողությունն, իրոք, կոռուպցիայի դեմ է եղել, իսկ 81 տոկոսը կարծիք է հայտնել, որ այդ գործողության շրջանակներում նախարարների որդիներ ձերբակալությունները տեղին են եղել։