«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 6-ին ժամը 12:00-ին իրավունքի նվաճման երթ է կազմակերպում, որի ընթացքում մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոնական բանկի մոտ:

Նախաձեռնության տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչեւ գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձեւավորմանը: Կոչ ենք անում նաեւ գործատուներին միանալ մեզ, քանի որ սա բոլորիս խնդիրն է: Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները եւ չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին եւ ԿԲ-ին: Երթի միջոցով նաեւ կոչ ենք անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել եւս չփորձեն ճնշել մարդկանց եւ ստիպել ֆոնդ ընտրել»:

Երթը տեղի է ունենալու հետեւյալ երթուղիով. Կրթության եւ Գիտության Նախարարություն- Հանրապետության փողոց – Կառավարության շենք – Իտալիայի փողոց – Կենտրոնական բանկ – Քաղաքապետարան – Խորենացու փողոց – Պետական եկամուտների կոմիտե: