Սիրիայի կառավարական պատվիրակությունը Սիրիայում ճգնաժամի կարգավորման «Ժնեւ-2» խորհրդաժողովում որոշակի առավելություն ուներ: Այս մասին փետրվարի 3-ի  մամուլի ասուլիսում հայտարարելէ  արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Սիրիայի կառավարության եւ սիրիական արտասահմանյան ընդդիմության միջեւ Ժնեւում կայացած բանակցություններին:

Ըստ արաբագետի`  հայտարարությունները, թե սիրիական խնդրի լուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն այս տարվա փետրվարի 10-ին, վկայում են հետեւյալը. Խորհրդաժողովից առավելագույն իրատեսական սպասումներն արդարացվել են: «Լավագույն արդյունքը կարող էր լինել որեւէ վերջնական հայտարարություն ընդունելը, սակայն դա տեղի չունեցավ: Բայց այն, որ մեկնարկել է բանակցային ճանապարհով հետեւողական կարգավորման գործընթաց, խորհրդաժողովի կարեւորագույն ձեռքբերումն է», - նշել է Պետրոսյանը: Հարցադրում կատարելով, թե ինչու, այնուամենայնիվ,  որոշակի համաձայնություն  ձեռք չէր բերվել, նա ընդգծել է, որ կողմերը մինչեւ վերջ մնացել են իրենց դիրքերում եւ ոչ մի զիջում չեն արել: 

«Այսօր Սիրիայի տարածքում երրորդ ուժ կա` միջազգային ահաբեկչությունը: Այդ խնդիրը հաշվի չառնելը եւ բանակցությունները դրա շուրջ չծավալելը Սիրիայի  ցանկացած լուրջ քաղաքական ուժի համար  մեծ բացթողում է: Այդ համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ արտասահմանյան սիրիական ընդդիմությունը չի սատարել եւ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել  հումանիտար ճգնաժամի եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցով», - նշել է փորձագետը: