ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը հունվարի 13-ից փետրվարի 2-ը Գերմանիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ալբանիայի եւ այլ երկրների զինված ուժերի հետ:
Զորավարժության նպատակն էր Կոսովոյին նմանեցված պայմաններում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղարար, կայունացման գործողությունների, ամբոխի կառավարման, պարեկային ծառայության իրականացման եւ այլ վարժանքներ ու բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների եւ փոխգործակցելիության մակարդակը: Առաջին անգամ նշված զորավարժության շրջանակներում անցկացվել է նաեւ կրակի հաղթահարման վարժանք:
Կոսովոյի առաքելությանը հայ խաղաղապահները մասնակցում են 2004 թվականից` սկզբում հունական, իսկ 2012թ. հուլիսից` ամերիկյան հրամանատարության ներքո:




























