Գազի պարտքի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Խորհրդարանական ընդդիմության առաջարկն անընդունելի է: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների  հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: 

Ըստ Սահակյանի` ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվելու, քանի որ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը դեմ կքվեարկի: «Մեզ համար դա անընդունելի է, ես միայն ծանոթացել եմ այդ առաջարկին, մինչդեռ նման որոշումներ կայացնելու համար պետք է քննարկում անցկացնել, լսումներ, որից հետո ներկայացնել խորհրդարանին: Մենք, ի՞նչ է, մեկ  օրո՞ւմ պետք է որոշում կայացնենք»:

Նա նաեւ նշել է, որ տվյալ առաջարկի քննարկմանը պետք է մասնակցեն քաղաքական բոլոր ուժերը:  «Սովորականի նման,  ընդդիմությունը չի փորձում հարցեր լուծել, պարզապես  հանրությանը ուզում է ցույց տալ, թե հրեշտակային անգնահատելի գործ է կատարում, իսկ մյուսները սրիկաներ են: Քաղաքականության մեջ նման բանը չի անցնում», - նշել է Սահակյանը:

Ըստ Գալուստ Սահակյանի`  խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի պահվածքը  սադրանք է, այլ ոչ թե քաղաքական քայլ: Նա նաեւ ասել է, որ ընդդիմությունը բարձրացնում է հարցեր, որոնց պատասխանները կառավարությունից կարող է ստանալ ցանկացած պահի, հետեւաբար, իմաստ չունի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: