ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջադրվել է երկրի խորհրդարանի` Գերագույն ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Ըստ հարավկորեական վերլուծաբանների` մարտի 9-ի ընտրություններում հաղթանակը Կիմ Չեն Ընին հնարավորություն կտա ամրապնդել իր իշխանությունը ԿԺԴՀ-ում:
Երկրի խորհրդարանում 687 պատգամավորի տեղ կա: Պատգամավորների լիազորությունների ժամկետը 5 տարի է: Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2009 թ.: Ընտրողների մասնակցության հայտը կազմել էր 99,98%: ԳԱԺ-ի նախագահը 1998թ.-ից ի վեր աշխարհի ամենատարեց քաղաքական գործիչ 85-ամյա Կիմ Են Նամն է:
Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին իր հոր` Կիմ Չեն Իրի մահից հետո Կիմ Չեն Ընը դարձել էր Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր հրամանատար եւ պետության «Գերագույն ղեկավար»:
2012թ. Կիմ Չեն Ընը ստացել էր Կորեայի բանվորական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնը:
Նա գլխավորում է նաեւ Կորեայի բանվորական կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովը եւ նշանակվել էր նաեւ ԿԺԴՀ-ի Պաշտպանության կոմիտեի նախագահ:
2012թ. հուլիսին Կիմ Չեն Ընին շնորհել էին մարշալի կոչում:




























