Ազգային ժողովում տեսախցիկները տեղադրվելու են ոչ միայն շենքի ներսում, այլեւ ԱԺ ամբողջ տարածքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը:

Նա նշեց, որ տեսախցիկները տեղադրվում են անվտանգության նկատառումներով, քանի որ Աժ-ն համարվում է պետական պահպանության օբյեկտ: Աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ տեսախցիկները պետք է տեղադրվեին ավելի վաղ, սակայն ֆինանսների բացակայության պատճառով մի քանի տարի ձգձգվում էր: Գուրգեն Դումանյանն ասաց, որ այժմ գումար է հատկացվել եւ տեսախցիկները տեղադրումը սկսվել է, դա կտեւի մի քանի ամիս:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ՝  երեկ խորհրդարանի միջանցքներում լայն թափով տեսախցիկների տեղադրման գործընթաց էր սկսվել։ «Երկու տեսախցիկ տեղադրվել է ՀՀԿ խմբակցության վերեւում, մի տեսախցիկ՝ դեպի ՀՀԿ տանող միջանցքում, մեկը՝ դեպի ՀՅԴ տանող հատվածում։ Արդեն օրվա երկրորդ կեսին բանվորները տեղափոխվեցին ԲՀԿ եւ ՕԵԿ հարկաբաժին։ Թե ինչու է խորհրդարանի ղեկավարությունը որոշել համատարած տեսախցիկներ տեղադրել ԱԺ միջանցքներում եւ որքան արժե այդ «հաճույքը», դեռ հայտնի չէ»,- գրել էր թերթը։