Գազի գնի ապօրինի ու անհիմն բարձրացումը ծանր հարված է հասցրել Հայաստանի ամբողջ բնակչությանը, առաջացնելով գների շղթայական բարձրացում կյանքի եւ տնտեսության բոլոր բնագավառներում: Այն խեղդելու է առանց այդ էլ կաթվածահար վիճակում գտնվող տնտեսությունը: Այդ մասին ասված է գազի սակագնի բարձրացման դեմ ապրիլի 16-ին կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցների տարածած հայտարարության մեջ:
«Մարտի 1-ից սկսվել են տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի զանգվածային ցույցեր եւ երթեր, որոնց մասնակիցները պահանջում են չեղյալ համարել գազի գնի բարձրացման մասին պետական մարմինների որոշումը: Ավելին, 7230 ընտանիք ներկայացնող համահայցվորներ դիմել են գազի գնի բարձրացման որոշումը անհիմն եւ ապօրինի ճանաչելու եւ այն չեղյալ հայտարարելու պահանջով։ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ իրավական ակցիա է, ամենամեծ կոլեկտիվ հայցը, որ երբեւէ եղել է Հայաստանում: Այս հայցը հայտնվել է Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ձեռք է բերել այնպիսի հասարակական հնչեղություն, որը նույնպես չունի իր նախադեպը»,- ասված է հայտարարության մեջ:
Համահայցվորները նաեւ արձանագրում են վարչական դատարանի կատարած ապօրինությունը: «Վարչական դատավարության օրենսգրքի 138 հոդվածի համաձայն, այն գործերը, որոնք ձեռք են բերել հասարակական մեծ հնչեղություն, պետք է քննվեն բանավոր ընթացակարգով: Սակայն Վարչական դատարանը, խախտելով օրենքը, որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով, ինչը թույլ է տալիս իշխող ռեժիմին առավելագույնս նվազեցնել հասարակության մասնակցությունը դատավարությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, ապրիլի 1-ից գազի մեկ խմ-ի սակագինը 96 դրամից դարձել է 132 դրամ՝ բարձրանալով 37,5 տոկոսով: Խոշոր սպառողների համար գազի սակագինը 1000 խմ դիմաց 215 դոլարից բարձրացել է հասնելով 243 դոլարի: ՀԱԿ-ը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան, որին միացել են 7230 քաղաքացիներ:




























