Եթե Ուկրաինան Մաքսային միություն չմտնի, ՄՄ-ն ապագայում կգոյատեւի այնպես, ինչպես ԱՊՀ-ն այժմ: Այս մասին փետրվարի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումից հրաժարվելուց հետո Հայաստանի իշխանությունների համար շատ դժվար է անորոշ դրության մեջ մնալը:

 «Ակնհայտ է, որ այսօր Եվրոպայից որեւէ էական աջակցություն չի կարելի ակնկալել: Միգուցե դրանով է պայմանավորված Մաքսային միությանն անդամակցելու հարցում Հայաստանի իշխանությունների շտապողականությունը, որպեսզի գոնե Մաքսային միությունից աջակցություն ստանան»,- կարծում է Գրիգորյանը:

Նշենք, նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու եւ հետագայում եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին: Արդյունքում չեղյալ էր հայտարարվել ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am