Երեւանի Սասունցի Դավիթ նրբանցքի տներից մեկում նոյեմբերի 21-ին «Շտապօգնության» բժշկին ծեծելու դեպքով հարուցված քրեական գործը կարճել են: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրներրը:
Մեր տեղեկություններով՝ գործը կարճվել է, քանի որ տուժող բժիշկը բողոք չի ունեցել եւ կողմերը հաշտվել են: Գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ (արարքի մեջ հանցակազմ չկա) եւ 5-րդ (տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ).կետերի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին, Սասունցի Դավիթ նրբանցքից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Թիվ 4 ենթակայանում եւ մոտակա բոլոր ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, եւ N 42 բրիգադը՝ բժշկուհի Ժաննա Բաբայան, մեկնել է նշված հասցեով: Մինչեւ շտապօգնության հասնելը հիվանդը մահացել է։ «Մեքենայից իջնելուն պես հիվանդի հարազատներից մեկը (տղամարդ) բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել, սպառնացել դանակով եւ հայհոյել: Շտապօգնության վարորդին հաջողվել է դանակը խլել սպառնացողի ձեռքից: Բրիգադը հեռացել է»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում:
Մահացած հիվանդի որդին՝ Հրաչ Գ-ն մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 118-րդ (ծեծ) եւ 137-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով) հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:



























