«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆինանսների նախարարությունը՝ անդրադառնալով «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին:
Նախարարության հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Միաժամանակ, օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները կարող են ընտրել որեւէ կենսաթոշակային ֆոնդ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով՝ մինչեւ ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը:
Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման եւ վճարման պարտականությունները, ինչպես նաեւ շարունակել ընտրել կենսաթոշակային ֆոնդ ու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:
Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական կամուրջ հաշվին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր Ֆինանսների նախարարին, Կենտրոնական բանկի նախագահին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ պահանջելով անհապաղ որոշում կայացնել էլեկտրոնային հաշվետվության ծրագրում փոփոխություն կատարելու մասին, այն է՝ հաշվետվության ձեւից հանել պարտադիր կուտակային վճարների «դաշտը», ինչը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հրապարակումից հետո դեռեւս շարունակում է մնալ պարտադիր լրացման «դաշտ»:




























