Ամուսնալուծությունների թվի աճը բացառապես Հայաստանին բնութագրական միտում չէ, այն բնորոշ է նաև համաշխարհային միտումներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալները, որոնց համաձայն, 2012թ. համեմատ՝ 2013թ. Հայաստանում 15,6 տոկոսով աճել է ամուսնալուծությունների թիվը։
«Գնալով աճում է ամուսնալուծությունների թիվը հատկապես մինչև 1 և 1-4 տարվա զույգերի մոտ, որոնք դեռ նոր են կայանում որպես ընտանիք»,-ասաց Ժաննա Անդրեասյանը` նկատելով, որ վերջին 10 տարիների ընթացքում որոշակիորեն ավելացել են նաեւ ամուսնալուծությունները 20 և ավելի տարիներ համատեղ ապրած զույգերի շրջանում։
Նրա խոսքով`այս փուլում շատ կարևոր են նոր կազմավորված ընտանիքի հարաբերությունները մերձավոր հարազատների հետ, որոնք կարող են վճռորոշ լինել. «Կարեւոր է ընտանիքի կայացման սոցիալ-տնտեսական հիմքը, որը նույնպես լուրջ փորձություն է, ինչպես նաև երեխայի ծնունդը, որը ընտանիքի կայացման շատ կարևոր գործոն է»:
Սոցիոլոգի խոսքով՝ երկարամյա ընտանիքների բաժանության դեպքում կարելի է խոսել որակապես այլ ամուսնալուծության մասին, երբ հիմնական խնդիրները, որոնք դրված են ընտանիքի կազմավորման և գոյության առաջին փուլերում, լուծված են:
«Մարդիկ հնարավորություն ունեն հետադարձ հայացք գցել իրենց անցած կյանքին և նորովի իմաստավորել, վերագնահատել այն՝ որոշելով նաև նոր կյանք սկսել, և այս դեպքում ամուսնալուծությունը սովորաբար շատ ավելի երկարատև մտածված ու գիտակցված որոշման արդյունք է »,-ասաց սոցիոլոգը` ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ այս ամուսնալուծությունների մասնաբաժինը ընդհանուր ամուսնալուծությունների թվի մեջ 2012թ. տվյալներով շուրջ 30 տոկոս է:
Անդրեասյանի խոսքով՝ ամուսնալուծությունների թիվն ընդհանրապես ավելի բարձր է այն ընտանիքներում, որտեղ երեխաներ չկան, օրինակ, 2012թ. գրանցված 3250 ամուսնալուծությունից 1789-ը հենց այպիսի ընտանիքներում է։
«Այսինքն ինչ-որ առումով երեխաների գործոնը՝ իբրև ընտանիքը պահող ուժ, շարունակում է մնալ, չնայած պետք է նշել, որ այժմ Հայաստանում մեծ թիվ են կազմում այն ընտանիքները, որոնք երեխաների առկայությամբ ամուսինների արհեստական համատեղ գոյակցություն են ներկայացնում, այսինքն ինչ-որ առումով արհեստական ընտանիքներ են, որտեղ միակ կապողը երեխաներն են»,-ասաց Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով՝ 2013թ. Հայաստանում գրանցվել է 3756 ամուսնալուծություն՝ 2012թ. գրանցված 3250-ի դիմաց:




























