Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցած դանակահարության պատճառը կին է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Արամայիս Աբովյանը:
«Միջադեպը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Հենց այդ հողի վրա էլ վեճ է եղել ու Արթուրը դանակահարել է նրանց»,- ասաց գյուղապետը:
Արամայիս Աբովյանը պատմեց, որ Արթուր Հովհաննիսյանն ամուսնացած է, ունի երկու երեխա. «Մետաղի ջարդոններ է հավաքում, տանում ծախում: Խուլիգանության համար մի քանի անգամ դատվել է»:
Տուժող կողմը՝ Բարսեղյանները հարուստ են. գյուղում երկու խանութ ունեն:
«Մեր գյուղի պայմաններում հարուստ մարդ են համարվում. խանութներ ու շատ մեքենաներ ունեն»,- նշեց գյուղապետը:
Նա պատմեց նաեւ, որ 32-ամյա Գարիկ Բարսեղյանն ամուսնալուծված է եւ ապրում է հոր եւ եղբոր ընտանիքի հետ:
Արամայիս Հովհաննիսյանի խոսքով՝ Բարսեղյաններին տեղափոխել էին Նոյեմբերյանի հիվանդանոց, որից հետո արդեն Երեւան: «Եթե չեմ սխալվում, հիմա Երեւան են տանում, բայց չեմ կարող ասել՝ վիճակները ոնց է»:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կողբ գյուղում փետրվարի 4-ին, բնակիչ, 31-ամյա Արթուր Հովհաննիսյանը դանակահարել էր հայր եւ որդի Աշոտ եւ Գարիկ Բարսեղյաններին: 60-ամյա Աշոտ Բարսեղյանը ստացել էր գլխի ճակատային մասի վիրավորում, իսկ 32-ամյա Գարիկ Բարսեղյանը՝ ձախ նախաբազկի վնասվածք: Արթուր Հովհաննիսյանը ձերբակալվել էր:




























