«Հրապարակը» գրում է. «Յուրի Վարդանյանի «ջրերը» նույն առվով չեն հոսում ոչ միայն Ծառուկյանի, այլեւ բռնցքամարտի ազգային հավաքականի նոր մարզչի հետ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը հավաքականի մարզիչ է նշանակել 70-ականների բռնցքամարտի լեգենդ Դավիթ Թորոսյանին:
Ըստ մեր տեղեկությունների` Յու. Վարդանյանն առաջարկել է չնշանակել նրան, այլապես ինքը չի ֆինանսավորի հավաքականին: Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը` փորձեցինք ճշտել նախորդ օրը: Յուրի Վարդանյանի հեռախոսին պատասխանեց գործավարը, խոստացավ ճշտել, հետ զանգել, ինչն էլ երկու օր շարունակ չարեց:
Ճի՞շտ է, որ Ձեր հարաբերությունները 70-ականների մյուս լեգենդ Յու. Վարդանյանի հետ բանի նման չեն` հարցրինք Դավիթ Թորոսյանին: «Մենք իրար հետ խնդիրներ չունենք»,- խուսանավեց Թորոսյանը: Ասում են` նա փողը չի փոխանցելու: «Չէ, որեւէ խնդիր չի եղել...»,- հերքեց ու չցանկացավ շարունակել:
Ի դեպ, Դավիթ Թորոսյանը, ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանի համակուրսեցին է՝ 70-ականների բանասիրական ֆակուլտետի: Փաստորեն, բանասիրականը ոչ միայն նախագահներ, այլեւ բռնցքամարտիկներ է տվել»:




























