Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքապետարանը հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին ընդունելությանը։
Քաղաքապետ Տոմաշ Գուդեչեկը հայտարարել է, թե ոչ մի հիմք չկա, որպեսզի Պրահան մասնակցի Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը։ Նա նաեւ հավելել է, թե «անհեթեթ է, որ Յանուկովիչը վայրէջք է կատարել Վացլավ Հավելի անվան օդանավակայանում», հայտնում է «Ազատություն» ռադիոն։
Պրահայի քաղաքապետն ընդգծել է, որ եթե Ուկրաինայի նախագահն այցելի քաղաք, քաղաքային իշխանությունը ոչ մի միջոցառում չի կազմակերպի։
Նախորդ շաբաթ մի շարք չեխ հասարակական գործիչներ, բանաստեղծներ, կինոռեժիսորներ, երգիչներ, մարզիկներ, քաղաքների եւ համայնքների ղեկավարներ դիմել էին նախագահ Միլոշ Զեմանին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել Յանուկովիչի այցը։
Նշենք, Չեխիայի նախագահը ուկրաինացի գործընկերոջը հրավիրել է՝ ի պատասխան նախորդ տարի Ուկրաինա կատարած իր այցի։
Սպասվում է, որ Յանուկովիչը Չեխիա կմեկնի ապրիլին, այդ ընթացքում կմասնակցի նաեւ Արեւելյան գործընկերության մինի-գագաթաժողովին՝ նախաձեռնության մոտ տասը անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։




























