Ամերիկյան հատուկ ծառայությունների   ուշադրության կենտրոնում է եղել գերմանացի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա եւս՝ ԳԴՀ արդեն նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, հայտնում են  NDR հեռուստաալիքը եւ   Suddeutsche Zeitung թերթը:

ԱԱԳ-ն Շրյոդերի բջջային հեռախոսը սկսել է գաղտնալսել 2002թ.-ից, պնդում են գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նույն աղբյուրը, որը թույլ էր  տվել բացահայտել գործող կանցլեր Անգելա Մերկելին հետեւելու փաստը:

Հաղորդվում է, որ այն ժամանակ Բեռլինը բացասաբար էր արձագանքել Իրաք ներխուժելու հեռանկարին, եւ դա կարող էր պատճառ հանդիսանալ Գերմանիայի հանդեպ ամերիկյան հատուկ ծառայությունների հետաքրքրության համար: ԱԱԳ-ի աղբյուրը մանրամասնել է, որ հետեւելու թույլտվությունը ոչ թե կոնկրետ քաղաքական գործչի, այլ հենց կանցլերի պաշտոնին է վերաբերել:

Նաեւ հաղորդվում է, որ Շրյոդերն ընդհանրապես քիչ էր խոսում բջջայինով, հետո ընդհանրապես դադարեցրել էր:  Ըստ նրա՝  գաղտնալսելու լուրն իր համար սենսացիա չէ, թեեւ կանցլեր եղած տարիներին հազիվ թե նման բան ենթադրեր, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: