Չինաստանում եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 9-ի սահմաններում, Տիբեթի Նեժուն գավառում: Ցնցումների ուժգնությունը կազմում է 5,2 բալ: Փլուզումների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Նշենք, որ Չինաստանում երկրաշարժեր են գրանցվում ապրիլի 14-ից: Դրանցից ամենաուժեղը՝ 7,1 մագնիտուդով, տեղի է ունեցել ապրիլի 14-ի առավոտյան ժամը 7.49-ի սահմաններում Ցինհայ նահանգի Յուիշու գավառում: Էպիկենտրոնը գտնվել է Ցզեգու քաղաքից 30 կմ հեռավորության վրա:

Վերջին տվյալներով, երկրաշարժին զոհ են գնացել 1144 մարդ, մոտ 400 հոգի համարվում են անհետ կորած: Ավելի քան 11 հազար մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, եւ նրանցից 1192-ը գտնվում են ծանր վիճակում: