Ղըրղզստանի հարավում` Ջալալաբադի մարզում հատուկ գործողություն է ընթանում` ձերբակալելու հանրապետության նախկին նախագահի եղբորը` Ժանիբեկ Բակիեւին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Ազիմբեկ Բեկնազարովը:
Բակիեւին ձերբակալելու գործողությունը, ըստ «Ինտերֆաքսի»՝ ղեկավարում է ՆԳ նախարարի ժ.պ. Բոլոտ Շերնիյազովը: Ժ.Բակիեւը ղեկավարում էր Ղըրղզստանի պետական պահպանության ծառայությունը: Հանրապետության նոր իշխանությունները Բակիեւին մեղադրում են, որ նա է ապրիլի 7-ին Բիշքեկում հրաման տվել կրակել ցուցարարների վրա:
Ժ.Բակիեւի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «զանգվածային սպանություն» հոդվածով:
Ի դեպ, որոշ տեղեկություններով, նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը շաբաթ առավոտյան ինքնաթիռով թռել է Բելառուս:




























