Տեղեկատվա-վերլուծական «EurasiaNet» ինտերնետ պարբերականի վերլուծաբան Ջոշուա Կուչերան ուշադրություն է դարձրել հայկական գյուղերից մեկի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի պատմությանը, ով այս պահին ադրբեջանական գերության մեջ է՝ նշելով պաշտոնական Բաքվի կողմից այդ մարդուն որպես «դիվերսանտի» նկարագրության ճշմարիտ չլինելու մասին:
Վերլուծաբանի խոսքով, երբ ադրբեջանական հեռուստաալիքները ցույց տվեցին Խոջոյանին՝ ներկայացնելով նրան որպես «դիվերսանտ», նա նման չէր հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորի, նման էր տանջաված, ցրված ծերուկի: «Քիչ անց նրա բարեկամներն ու հարազատները Հայաստանից հաղորդեցին, որ 77-ամյա տղամարդը հոգեկան հիվանդ է»,- նշել է վերլուծաբանը:
Նա նաեւ հաղորդել է կարծիք Ադրբեջանից: «Ադրբեջանցիներն այդ խեղճ հային ներկայացնում են որպես դիվերսանտ, սակայն դա դեռ չի նշանակում, որ դա ճիշտ է»,- ասել է բաքվեցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը: «Նայեք այդ դիվերսանտին: Ծիծաղել, թե լաց լինել: Ինչ կարող ենք ասել ավելին: Լուսանկարներին այլեւս ոչինչ չենք կարող հավելել…»,- ադրբեջանցի ընդդիմադիրը գրել էր լրատվական haqqin.az կայքում:
Բաքվում առկա լավ տեղեկացված աղբյուրը բլոգին հաղորդել է, մեծ հաշվով Ադրբեջանի կառավարությանը հայտնի է, որքան անհեթեթ է այդ պատմությունը, եւ պարզապես ցանկանում են ազատվել նրանից: Վերլուծաբանը նշել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը չի արձագանքել խնդրանքին մեկնաբանել այս պատմությունը:
Ինչպես նախկինում հաղորդել է NEWS.am-ը, Հայաստանի Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ: Տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Այնուամենայնիվ, ակնհայտ անմեղսունակությունն ու տարեց մարդու տարօրինակ հայտարարություննրը չէին խանգարում ադրբեջանական կողմից փորձել նրան ներկայացնել եթե ոչ «դիվերսանտ», ապա «ուղեկցորդ»:




























