Թուրքիայի կառավարությունը անընդունելի կերպով օգտագործում է իր լծակները զանգվածային լրատվամիջոցների վրա, որպեսզի սահմանափակի կառավարության գործողությունների հրապարակային քննադատումը եւ պատժի լրագրողներին ու լրատվամիջոցների սեփականատերերին՝ այդ կերպ խորացնելով երկրի քաղաքական ու սոցիալական բեւեռացումը: Այդ մասին Թուրքիային նվիրված հատուկ զեկույցում գրում է «Freedom House»-ը:

«Կառավարությունը պետք է ընդունի, որ նրա ջանքերը վերահսկել ազատ երկխոսություններն էլ ավելի են օտարում Թուրքիայի քաղաքացիներին ու կարող են վտանգել երկրի կայունությունը: Սա իր հերթին կարող է սպառնալ Թուրքիայի եվրաինտեգրացմանը եւ Միացյալ Նահանգների հետ ամուր դաշինքին»,- նշվում է կազմակերպության զեկույցում:«Թուրքիայում ժողովրդավարության ճգնաժամը ապագայի խնդիր է»,- ասել է «Freedom House»ղեկավար ու զեկույցի համահեղինակ Դեւիդ Քրամերը:- Զանգվածային լրատվամիջոցները բախվում են կառավարության ճնշմանը, եւ այն այժմ ծավալել է իր հարձակումները, որի թիրախում են հայտնվել նաեւ մյուս հաստատությունները»:Զեկույցում թվարկում են թուրքական կառավարության գործողությունները, որոնք ակտիվացել են 2013թ.-ի դեկտեմբերին կոռուպցիոն սկանդալից հետո:

Անցնող տարվա ընթացքում տասնյակ լրագրողների աշխատանքից հեռացրել էին կառավարության ճնշման ներքո, իսկ կառավարության ներկայացուցիչների սպառնալիքները լրագրողների հասցեին սովորական երեւույթ դարձան: Հատուկ զեկույցը կարճաժամկետ ու երկարաժամկետ խորհուրդներ է տալիս Թուրքիայի կառավարությանը, Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին՝ Թուրքիայում ժողովրդավարության պաշտպանության կապակցությամբ: