Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալելու որոշումը կայացրած ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձամբ ինքը՝ Արսեն Սարգսյանը:
Նա նշեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ իրեն ազատել են աշխատանքից, այժմ գտնվում է կադրերի ռեզերվում: «Պատճառը պետք է նախարարից հարցնեք: Որեւէ վիրավորվածություն չկա, ես զինվորական եմ, ո՞նց կարող եմ վիրավորվել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե գուցե թոշակի գնալու ժամանակն էր, քննչականի նախկին պետն ասաց, որ ինքը թոշակի կարող էր գնալ դեռեւս 14 տարի առաջ: Այժմ նա զբաղվելու է ընտանեկան գործերով: Արսեն Սարգսյանից փորձեցինք ճշտել նաեւ, թե արդյոք դերասանի գործով նախկին քննիչ Հայկ Հակոբյանը վերադարձել է արձակուրդից, թե ոչ (վերջինս արձակուրդ էր գնացել դեկտեմբերի 20-ից հետո՝մեկամսյա ժամկետով), քննչական նախկին պետն ասաց, որ իր ժամանակ նա դեռ չէր վերադարձել: «Չէ՞, իրեն ինչի՞ պետք է ազատեն, եթե չեմ սխալվում՝ 40 օր էր իր արձակուրդը: Բայց այս ամենը այս գործի հետ կապ չունի, մեր նախարարն է, ինքն է որոշում, ես միակը չեմ, ինձ հետ միասին Աբովյանի քննչականի պետին վերցրին կադրերի ռեզերվ, այնպես որ գործի հետ բացարձակ կապ չունի: Ամեն օր էլ համակարգում փոփոխություններ են կատարվում»,- ասաց Արսեն Սարգսյանը:
Ի դեպ, հենց Արսեն Սարգսյանի կայացրած ձերբակալման որոշումն է Վարդան Պետրոսյանի փաստաբանը բողոքարկել դատարանում, այդ հարցով այժմ նա դիմել էր Վերաքննիչ դատարան: Ավելի վաղ աշխատանքից ազատվել էր նաեւ գործով վերահսկող դատախազ 46-ամյա Արմեն Առաքելյանը: Դատախազությունից հայտնել էին, թե նա աշխատանքից ազատման դիմում է գրել կենսաթոշակի անցնելու պատճառով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:




























