Երկու խիստ նկատողության համար աշխատանքից հեռացված Արարատի մարզի Հնաբերդ գյուղի նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանի հայցն ընդդեմ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կքննվի Արարատի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անժելա Մեջլումյանի փաստաբանը՝ Գեւորգ Դավթյանը:

«ՀՀ վարչական դատարանը գործը վերահանձնեց Արարատի ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ աշխատանքային վեճ է, եւ ըստ աշխատանքային օրենսգրքի՝ նման վեճերը պետք է քննվեն ընդհանուր իրավասության դատարաններում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ մինչեւ այդ իրենք դիմել էին Վարչական դատարան:

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին խմբագրություն էր զանգահարել Հնաբերդի դպրոցի ուսուցիչներից մեկը եւ հայտնել, որ դպրոցի տնօրեն Անժելա Մեջլումյանին աշխատանքից անհիմն հեռացրել են եւ դպրոցի տնօրենի պաշտոնակատար են նշանակել Վարսիկ Եղիազարյանին: Անժելա Մեջլումյանը համոզված է, որ մազպետարանն իրեն անհիմն է երկու նկատողություն տվել:

Գեւորգ Դավթյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել երկու նկատողությունները, վերականգնել դպրոցի տնօրենի պաշտոնը եւ հատուցել հարկադիր պարապուրդի համար: Հարցին, թե հնարավոր է ճնշումներ լինեն դատավորի վրա, փաստաբանն ասաց. «Իրավական տեսանկյունից մենք ճիշտ ենք, ունենք բոլոր ապացույցները, սակայն չեմ կարող հստակ ասել, թե դատարանն ինչ կորոշի»:

Դատարանը գործը վարույթ կընդունի երեք օրվա ընթացքում:

«Մինչեւ փետրվարի վերջ դատական նիստերը կսկսվեն: Չեմ կարող ասել՝ ինչքան կտեւի: Իմ պրակտիկայում եղել են նմանատիպ գործեր, որոնք տեւել են 4 ամսից մինչեւ 2 տարի»,- ասաց նա:

Գեւորգ Դավթյանը նշեց, որ Արարատի մարզպետի դեմ սա առաջին հայցն է: Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը մարզպետ է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերից:

Հիշեցնենք, որ Անժելա Մեջլումյանին հեռացրել են երկու խիստ նկատողության հիման վրա: Առաջինը ստացել էր աշնանը, երբ դպրոցի բակում 3 հատ ծառ էր կտրվել, իսկ մյուսը՝ դեկտեմբերի վերջին ծնողներից 500-ական դրամ հավաքելու համար: Նախկին տնօրենը պնդում է, որ ինքն այս ամենի հետ կապ չունի: